Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մշակվել է Արդարադատության նախարարության, ինչպես նաեւ «Ֆրիդոմ հաուս» (Freedom House) իրավապաշտպան հասարակական կազմակերպության մասնակցությամբ:
Ապրիլի 29-ին կայացած քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների եւ քաղհասարակության ներկայացուցիչներ:
Նախաձեռնությամբ մեր երկրում ներդրվում է զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման գործուն համակարգ, ինչը հնարավորություն կտա խթանել էթիկական չափանիշների պահպանումը` դրանով բարձրացնելով լրատվամիջոցների նկատմամբ հասարակության վստահությունը:
«Համակարգի մասին շատ են խոսել տարբեր միջազգային կառույցներ, այդ թվում` Եվրոպայի խորհուրդը, որը պարբերաբար մեր երկրում իրականացնում է մեդիաոլորտի գնահատում: ԵԽ-ն նշել է, որ Հայաստանում անհրաժեշտ է ներդնել ԶԼՄ-ների ինքնակարգավոր...