Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-11-2022՝ ժամը 22:59-ին

445631

434743

2179

8709
Service
...
ARMENPRESS.AM
18:52 22/09
ARMENPRESS.AM

ՀՀ ԱԺ պատգամավորները Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի հետ քննարկմանն անդրադարձել են Ադրբեջանի ագրեսիային

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովի Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամները խորհրդարանում հանդիպել են Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակության հետ, անդրադարձել ինչպես ադրբեջանական ագրեսիային, այնպես էլ հայ-բելգիական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:
«Երախտապարտ ենք ձեր հայանպաստ գործունեության համար: Մենք գնահատում ենք ձեր այցը հենց այս ժամանակաշրջանում. Հայաստանը բավականին ծանր օրեր է ապրում: 44-օրյա պատերազմից հետո ձեզանից շատերը հայանպաստ գործունեություն են ծավալել. հավատարիմ մնալով մարդու իրավունքների համամարդկային արժեքներին՝ հանդես եք եկել հայտարարություններով, ընդունել բանաձեւեր»,-ասել է Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին, որին մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Սեյրան Օհանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արծվիկ Մինասյանը, Բաբկեն Թունյանը, Ծովինար Վարդանյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը, Թադեւոս Ավետիսյանը:
Արմեն Ռուստամյանը տեղեկացրել է, որ Հայաստան-Բելգիա բարեկամական խումբը խորհրդարանի ամենամեծ բարեկամական խմբերից է, որն ունի 24 անդամ. ներգրավված են խորհրդարանական երեք խմբակցությունների ներկայացուցիչները:
Մարկ Դեմեսմեկերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ նման ձեւաչափով հանդիպման հնարավորություն ընձեռելու համար: Նա նշել է, որ Բելգիայի հայ համայնքը մեծ աջակցություն է ցուցաբերում հայ-բելգիական համագործակցության հարցերում: «Մենք փորձում ենք բոլոր հարթակներում բարձրացնել եւ պաշտպանել ձեր ներկայացրած հարցերը: Հումանիտար օգնության խնդիրները մեզ համար առանցքային նշանակություն ունեն: Մենք եղել ենք Արցախում, բավականին լավ տեղեկացված ենք եւ տիրապետում ենք իրավիճակին»,-ասել է Մարկ Դեմեսմեկերը:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ողջունել է բարեկամական խմբի անդամների այցը՝ Հայաստանի համար նման բարդ ռազմաքաղաքական իրավիճակում: Նա ներկայացրել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքները՝ նշելով, որ օգտագործվել են արգելված սպառազինություններ. մարդկանց նկատմամբ խոշտանգումներն ու ստորացումները զուգորդվել են պատմամշակութային արժեքները ոչնչացնելով: Սեյրան Օհանյանը կարեւորել է ոչ միայն այդ գործողությունների դատապարտումը, այլեւ համապատասխան պատժամիջոցների կիրառումը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ պատվիրակությունը լավագույնս պատկերացնում է այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի եւ Արցախի շուրջ: Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ հարեւան երկրներում՝ Թուրքիայում եւ Ադրբեջանում, բռնապետական ռեժիմ է, եւ Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունները ոչ միայն պայմանավորված են Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումներով, այլեւ այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին ժողովրդավարության աճող տեմպերը մեծապես անհանգստացնում են բռնապետական ռեժիմներին:
«Արձանագրում ենք, որ սա հարձակում է ոչ միայն ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, տարածքների վրա, այլեւ՝ համամարդկային արժեքների՝ ժողովրդավարության վրա: Այս համատեքստում, ակնկալում ենք ԵՄ երկրների աջակցությունը՝ նաեւ ժողովրդավարության պաշտպանության առումով»,-ասել է Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով. «Մենք տեսնում ենք մի շարք երկրների կողմից հասցեական գնահատականներ իրավիճակի վերաբերյալ եւ դատապարտող հայտարարություններ, որոնցում հստակ նշվում է, որ ագրեսոր կողմն Ադրբեջանն է, եւ հստակ արձանագրվում է, որ ադրբեջանական զորքերն այս պահին գտնվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներում: Մենք ակնկալում ենք, որ հասցեական արձանագրություններից, հայտարարություններից, դատապարտումներից զատ նաեւ գործնական քայլեր կլինեն, եւ միջազգային ճնշման արդյունքում մենք կկարողանանք վերականգնել մեր երկրի տարածքային ամբողջականությունը եւ դուրս բերել ագրեսորին օկուպացված տարածքներից»:
Ամփոփելով՝ Արթուր Հովհաննիսյանը կարեւորել է հայ-բելգիական հարաբերությունները՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում:
Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամներն իրենց խոսքում նշել են, որ հայ ժողովուրդը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջեւ՝ ընդգծելով, որ շարունակվում է ցեղասպան քաղաքականությունը եւ իրականացվում են միջազգային պատերազմական հանցագործություններ: Կարեւորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց անհապաղ վերադարձը՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի:
Քննարկվել են նաեւ երկուստեք հետաքրքրող մի շարք այլ հարցեր: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...