Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգան նոր հովանավոր ունի
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Vbet ընկերության շուրջ 4 տարվա արդյունավետ համագործակցությունը մոտեցավ ավարտին 2022թ. սեպտեմբերի 12-ին ուժի մեջ մտած ՀՀ Գովազդի մասին օրենքում կատարված փոփոխությունների հետևանքով։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Նոր օրենքն արգելում է վիճակախաղերի և շահումով խաղերի գովազդը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել Vbet ընկերությանը բեղմնավոր համագործակցության համար: Դրա շնորհիվ հնարավոր է դարձել նոր մակարդակի բարձրացնել ակումբային մրցաշարերի կազմակերպումը, ներկայացվածությունն ու ճանաչելիությունը:
Միաժամանակ ՀՖՖ-ն սկսել է համագործակցել Fastex ընկերության հետ, համաձայն որի վերջինս դառնում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Հայաստանի գավաթի խաղարկության տիտղոսային հովանավոր:
Այսպիսով, Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Հայաստանի գավաթի խաղարկությունները 2022/23 մրցաշրջանում կկրեն Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա և Fastex Հայաստանի գավաթ անվանումները: