Վարուժան Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց. «Բևեռ»-ը պնդում է՝ նրա հիվանդության հարուցիչը ՀՀ-ում հնարավոր չէ պարզել
«Ազգային-ժողովրդավարական Բևեռ»-ը հայտնում է, որ ըստ իր ունեցած հավաստի տեղեկությունների՝ Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց՝ բժշկական հետազոտություններ անցկացնելու:
Հիշեցնում ենք, որ «Ազգային-ժողովրդավարական Բևեռ»-ի պահանջն էր Վարուժան Ավետիսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ մշտական հսկողության տակ գտնվելու նպատակով:
«Նրա հիվանդությունը, որի հարուցիչը հայաստանյան բժշկական հետազոտություններով ինչպես նախկինում , այնպես եւ ներկայում հնարավոր չի պարզել, ունի կրկնվող ալիքաձեւ սրացման բնույթ, որը սպառնում է կյանքին:
Սրացումները ուղեկցվում են որոշակի նախանշաններով, որոնք ներկայումս առկա են, ուստի մեր պահանջը ուժի մեջ է՝ ապահովել Վարուժան Ավետիսյանի մշտական հատուկ բժշկական հսկողությունը քաղաքացիական հիվանդանոցում»,-ասվում է «Բևեռ»-ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 12-ին լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է: Հրապարակումներին արձագանքել էին ՀՀ արդարադատության նախարարությունն ու ՄԻՊ-ը:
Նոյեմբերի 18-ին էլ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնեց, որ Վարուժան Ավետիսյանը մշտապես գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» բժշկական անձնակազմի հսկողության տակ: