Վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները, մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են (տեսանյութեր, լուսանկարներ)
Վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։
Առավոտյան ժամը 07։45-ի դրությամբ Երևանի Սարյան փողոցն արդեն փակ էր։ Փակ է նաև Ռուբինյանց փողոցն ու Տերյան-Մոսկովյան խաչմերուկը։
Երիտասարդական մետրոյի հատվածից արգելափակված է Աբովյան փողոցով մեքենաների երթևեկությունը։ Բացի այդ երթևեկությունն արգելափակված է նաև Կիևյան կամուրջի սկզբնամասում, Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում, Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ և Կոմիտասի Սուրբ խաչ եկեղեցու մոտ։
Այս ամենի ֆոնին Հանրապետության հրապարակում ոստիկանությունն ուժեր է կուտակում, իսկ մայրաքաղաքի որոշ հատվածներում սկսել են բերման ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին։
Անհնազանդության ակցիաներից տեսանյութերն ու լուսանկարները՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ առավոտյան ժամը 08։00-ից անհնազանդության ակցիաները մեկնարկելու են։
«Մենք պարալիզացնելու ենք քաղաքը․ մոտակա երեք օրերին՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, ամբողջ Հայաստանը պարալիզացվելու է։ Առավոտյան ժամը 08։00-11։00-ը հաստատ։ Իշխանության հենարանը մնացել է ոստիկանությունը»,- ասել էր Մանուկյանը։