Երբեք կնոջ նկատմամբ բռնություն չեմ կիրառել. Դեպարդյոն առաջին անգամ արձագանքել է բռնաբարության մեղադրանքներին
Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն իր դեմ բռնաբարության և սեռական բռնության մեղադրանքների ներկայացումից ի վեր առաջին անգամ անձամբ է արձագանքել թեմային: Նրա բաց նամակը հրապարակվել է Le Figaro-ում: Դեպարդյոն պնդում է, «մեդիա դատարանի» կողմից կազմակերպած «լինչի» զոհն է դարձել:
«Ես երբեք կնոջ նկատմամբ բռնություն չեմ կիրառել», - գրել է դերասանը:
2020 թվականի դեկտեմբերին նա ենթադրյալ բռնաբարության և սեռական ոտնձգության համար ենթարկվել է պաշտոնական հետաքննության այն բանից հետո, երբ մի դերասանուհին Դեպրադյոյին մեղադրել է 2018 թվականին Փարիզի նրա տանն իրեն երկու անգամ հարձակման ենթարկելու համար: Դերասանուհու խոսքով՝ ինքն այդ ժամանակ 22 տարեկան էր, իսկ ֆրանսիացին՝ 70։
Դեպարդյոյի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը հերքում է մեղադրանքները:
Դերասանի պնդմամբ՝ այս կնոջ հետ ցանկացած հանդիպում եղել է փոխհամաձայնեցված: Նա գրել է, որ կինը «պատրաստակամորեն եկալ է իր ննջասենյակ»։
«Իսկ այսօր ասում է, որ իրեն բռնաբարել են։ Նա վերադարձել է նաև երկրորդ անգամ: Մեր միջև երբեք կաշկանդվածություն, բռնություն կամ բողոք չի եղել», - գրել է դերասանը։
Դեպարդյոի փաստաբանների՝ գործը կարճելու փորձից հետո, Փարիզի գլխավոր դատախազն ասել էր, որ կան «լուրջ և հաստատված ապացույցներ», որոնք արդարացնում են մեղադրանքի պահպանումը: Նախաքննությունը շարունակվում է։
Ապրիլին Mediapart հետաքննական կայքը հրապարակել էր իբրև թե դերասանի կողմից սեռական բռնության ենթարկված ավելի քան մեկ տասնյակ կանանց մեղադրանքներ: Նրանցից որոշների մեղադրանքները վերաբերում էին 2000-ականների սկզբին:
Դեպարդյոն՝ Ֆրանսիայի ամենահայտնի դերասաններից մեկը, նկարահանվել է ավելի քան 170 ֆիլմերում և միջազգային համբավ ձեռք բերել նաև անգլալեզու դերերով։