Մենք պատրաստ ենք խաղին, խաղալու ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ․ Պետրակով
Եվրո-2024-ի ընտրական փուլի Խորվաթիա-Հայաստան խաղից առաջ Զագրեբում տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը։
Հարցին՝ ինչ են ակնկալում կայանալիք խաղից, Պետրակովը պատասխանել է՝ լավ խաղ։
Պատասխանելով հարցին՝ արդյոք իրենք ունեն բավարար մոտիվացիա խաղին մասնակցելու, թե այս խաղն արդեն որինչ չի նշանակում իրենց համար, քանի որ արդեն իսկ կորցրել են Եվրո-2024-ի որակավորման հնարավորությունը, Պետրակովն արձագանքել է․
«Տարօրինակ հարց է։ Ինչպե՞ս կարող է ֆուտբոլիստի համար ոչ մի նշանակություն չունենալ Եվրո-2024-ի որակավորման խաղը։ Հատկապես այնպիսի հակառակորդի դեմ, ինչպիսին է Խորվաթիայի հավաքականը։ Մենք պատրաստ ենք խաղին, մենք սպասում ենք դրան, խաղալու ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ։ Մենք սովորում ենք և ունենք բավարար մոտիվացիա»։
Նշենք, որ Խորվաթիա-Հայաստան խաղը տեղի կունենա նոյեմբերի 21-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։