Մհեր Գրիգորյանը նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ է ունեցել Մարգարիտիս Սխինասի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես՝ երկուստեք կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը և ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ուղենիշային ծրագրերի արդյունավետ իրականացումը: Զրուցակիցները առանձնակի ընդգծել են ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը:
Հանդիպումներից հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը հանդես են եկել հայտարարություններով՝ ազդարարելով ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:
***
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը
Հարգարժա՛ն պարոն Սխինաս,
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում:
Համոզված եմ, որ Ձեր այցը Հայաստան նոր խթան կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Ուրախ եմ արձանագրել, որ այսօր մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջնահերթությունների և դրանց ուղղությամբ առաջիկա անելիքների վերաբերյալ:
Մեր երկկողմ հարաբերությունները երբեք այսքան ինտենսիվ չեն եղել, ինչպես վերջին տարիներին՝ ընդգրկելով համագործակցության առանցքային ուղղությունները:
Գոհունակցությամբ ենք արձանագրում, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը համալրվել է նոր կարևոր բաղադրիչներով՝ քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկով և Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմամբ։
ԵՄ կողմի հետ ներկայումս բանակցում ենք ավելի հավակնոտ և ընդգրկուն Գործընկերության առաջնահերությունների նոր օրակարգը և Դիմակայունության ու աճի ծրագիրը՝ միտված ընդլայնելու մեր համագործակցության հորիզոնները ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և սոցիալ-տնտեսական կայունության ապահովման ուղղություններով:
Բնականաբար, մենք շարունակում ենք հետևողական աշխատանքներ իրականացնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման ուղղությամբ՝ կարևորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը որպես մեր բարեփոխումների օրակարգի անբաժանելի մաս։
Հատկանշական է նաև ՀՀ-ԵՄ ներդրումային ծրագրերի համակարգման մեր համատեղ հարթակի գործունեությունը, որը հնարավորություն է տալիս ապահովելու ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշա...