ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում․ հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Հաղորդագրությունը՝ ստորև․
«Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:
Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ Խաչատուրյանը և ՍԴ նախագահը:
Վարչապետը՝ շնորհավորելով բոլորին Սահմանադրության օրվա և 30-րդ տարեդարձի առիթով, ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նրան, թե ինչպես է Սահմանադրության թեման վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում խաչվել Իրական Հայաստանի գաղափարախոսության հետ: Երկրի ղեկավարի խոսքով՝ հընթացս պարզվել է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը չենք կարող ամբողջացնել և ամբողջության մեջ գնահատել՝ շրջանցելով Սահմանադրության հարցը, որովհետև այդ թեմաներն ուղիղ առնչվում և խաչվում են իրար հետ: «Դա կապված է «Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» կարգախոսի հետ, իսկ այս կարգախոսը կապված է մեր ժողովորդի 500 տարվա պատմության հետ: Ինչո՞ւ եմ այ...