Citizen Lab. Լրտեսող ծրագրերը տարածվում են առցանց գովազդով

Citizen Lab. Լրտեսող ծրագրերը տարածվում են առցանց գովազդով
Ann H

Citizen Lab հետազոտական կենտրոնը բացահայտել է, որ լրտեսական ծրագրեր մշակողները չարաշահում են առցանց գովազդային ցանցերը՝ սարքերը կոտրելու համար: AdFection կոչվող արշավի թիրախում են հայտնվել նաև Al Jazeera-ի տասնյակ համակարգիչներ:

Citizen Lab հետազոտական կենտրոնը զեկույց է հրապարակել այն մասին, որ կառավարական լրտեսող ծրագրեր մշակողները չարաշահում են գլոբալ գովազդային ցանցերը: Կազմակերպությունը, համագործակցելով գովազդի որակի Confiant հարթակի հետ, բացահայտել է AdFection կոչվող արշավը, որի շրջանակում լրտեսող ծրագրերը սարքերը վարակել են թվային գովազդների միջոցով: Պարզվել է, որ 2024 և 2025 թվականներին առանց սեղմման («zero-click») գովազդային հարձակումների թիրախ են դարձել Al Jazeera լրատվական կազմակերպության 45 սարքեր՝ Candiru-ի լրտեսող ծրագրով վարակելով լրատվամիջոցին պատկանող առնվազն 45 Windows համակարգիչ:

Հետազոտողները պարզել են, որ թիրախային գովազդները թողարկել է Discover-Tech մարքեթինգային և գովազդային ընկերությունը: Այդ իսրայելական ընկերությունը շահագործում է գովազդային հարթակ, որը կրում է Controlium անվանումը: Պարզվել է, որ լրտեսող ծրագրեր ստեղծող Candiru և Bindecy ընկերություններն օգտագործել են Discover-Tech-ի այս հարթակը կոնկրետ անհատների թիրախավորելու համար: Մուտքի էջերում մնացած բաց ելակետային կոդը թույլ է տվել հետազոտողներին վերստեղծել Discover-Tech-ի կառավարման վահանակը, իսկ հայտնաբերված մուտքային տվյալները ներառել են Candiru-ի և Bindecy-ի աշխատակիցներին պատկանող տեղեկություններ:

Բացի այդ, Discover-Tech-ի կայքում բացահայտվել են գովազդային գնառաջարկների միլիարդավոր չպաշտպանված գրառումներ: Ըստ այդ գրառումների՝ 2024 թվականի մարտից հունիս ընկած ժամանակահատվածում ընկերության հետ կապված գովազդները ցուցադրվել են ավելի քան 70,000 բջջային հավելվածներում և ավելի քան 120,000 կայքերում: Բաց գրառումները նաև ցույց են տվել, որ գովազդները տասնյակ հազարավոր բջջային հավելվածներում և կայքերում հայտնվել են 2026 թվականի մարտից հունիս ընկած ժամանակահատվածում:

Citizen Lab-ի ավագ հետազոտող Բիլ Մարչակը նշել է. «AdFection-ը օպերատորներին թույլ է տալիս վարձկան լրտեսող ծրագրերով ավտոմատ կերպով կոտրել կոնկրետ անհատների, երբ նրանք օգտվում են հավելվածներից կամ զննում համացանցը»: Նա նաև հավելել է. «Եթե դուք կարող եք թիրախ դառնալ ձեր ինքնության կամ գործունեության պատճառով, ժամանակն է անջատել գովազդային հետևումը ձեր սարքերում կամ նույնիսկ ընդհանրապես արգելափակել գովազդները»: Փորձագետ Վոլֆի Քրիստլն իր հերթին նշել է. «Լոկ գովազդ ցուցադրող կայքից կամ հավելվածից օգտվելու պատճառով սարքը լրտեսող ծրագրով վարակվելու ռիսկը մղձավանջային սցենար է»:

Հետաքննության արդյունքում Google-ն արգելափակել է Discover-Tech-ին իր գովազդային հարթակներից: Միաժամանակ, Beeswax-ը նույնպես հեռացրել է Discover-Tech-ին իր հարթակից:

Աղբյուրներ

Al Jazeera Citizen Citizen Lab Jazeera Lab Ads Infecting Phones Scenario’ Scenario’ Zero-Click Spyware Is Infecting Phones Spyware Targeted Targeted Ads Researchers The Citizen Lab Researchers Zero-Click

Կարդացեք նաև