ՖԻՖԱ-ն կարող է արգելել կարմիր քարտերի որակազրկման չեղարկումը
ՖԻՖԱ-ի 37 հոգանոց խորհուրդը Ցյուրիխում կայանալիք նիստում պատրաստվում է քննարկել աշխարհի առաջնության խաղերում ավտոմատ որակազրկումների չեղարկումն արգելելու հարցը:
Ցյուրիխում հինգշաբթի օրը կայանալիք նիստում ՖԻՖԱ-ի խորհուրդը նախատեսում է քննարկել աշխարհի առաջնության խաղերում կարմիր քարտից հետո նշանակվող ավտոմատ որակազրկումների չեղարկումն արգելելու մասին առաջարկը: Կազմակերպության 37 անդամից բաղկացած խորհուրդը պատրաստվում է քվեարկել այնպիսի նոր կանոնի օգտին, որը հատուկ կոմիտեներին կարգելի բեկանել աշխարհի առաջնության ժամանակ գործող ավտոմատ որակազրկումները:
Նման կանոն մշակելու անհրաժեշտությունն առաջացել է աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգանի հետ կապված աղմկահարույց դրվագից հետո: Բոսնիայի ընտրանու դեմ խաղում, որում բոսնիացիները պարտվել էին 2-0 հաշվով, Բալոգանը կարմիր քարտ էր ստացել մրցակցի ֆուտբոլիստ Տարիկ Մուհարեմովիչի կոճին կանգնելու համար: Ստացած կարմիր քարտը նախատեսում էր ավտոմատ որակազրկում մեկ հանդիպման համար: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել էր ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին՝ խնդրելով վերանայել Բալոգանի կարմիր քարտի գործը: Ի վերջո, Բալոգանի որակազրկումը չեղարկվել էր, ինչի շնորհիվ նա հնարավորություն էր ստացել մասնակցել 1/8 եզրափակիչի՝ Բելգիայի հավաքականի դեմ խաղին:
Այդ որոշումը լուրջ տարաձայնությունների առիթ է դարձել կառույցի ղեկավարության շրջանում: ՖԻՖԱ-ի փոխնախագահ Դեբի Հյուիթը դիմել է Ջանի Ինֆանտինոյին՝ պահանջելով հրապարակել Բալոգանի գործի հետ առնչվող բոլոր պաշտոնական փաստաթղթերը:
Միևնույն ժամանակ, ֆուտբոլի երեք տարածաշրջանային կոնֆեդերացիաներ արդեն պահանջել են Ինֆանտինոյի հրաժարականը: ՈՒԵՖԱ-ի, Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (AFC) և ԿՈՆԿԱԿԱՖ-ի (CONCACAF) առաջնորդները կոչ են արել նախագահին լքել պաշտոնը և մտադիր են անձամբ մասնակցել Ցյուրիխում կայանալիք հանդիպմանը: Իրավիճակը շիկացել է նաև աշխարհի առաջնության առևտրային բիզնեսի 20 տոկոս մասնաբաժնի նախատեսվող վաճառքի պատճառով: Այդ գործարքում փոքրամասնական բաժնեմասի պոտենցիալ առաջատար ներդրող էր ճանաչվել Ջարեդ Քուշների եղբոր՝ Ջոշուա Քուշների կողմից հիմնադրված ընկերությունը:
Այս զարգացումները տեղի են ունենում ՖԻՖԱ-ի ղեկավարության համար պատասխանատու պահին: 56-ամյա Ջանի Ինֆանտինոն պատրաստվում է առաջադրվել վերընտրվելու համար 2027 թվականի մարտին: Կազմակերպության նախագահի ընտրություններում թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը լրանում է նոյեմբերի 18-ին: