Հայ Eng
Service
...
ARMENPRESS.AM
10:33 16/08
ARMENPRESS.AM

Անհետ կորած համարվողներից մեկի մասով զանգ ենք ստացել, որ նա երկրում չէ. ԱԻ նախարար

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը մանրամասներ ներկայացրեց «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո շարունակվող որոնողափրկարարական աշխատանքների վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Փամբուխչյանը նշեց, որ փրկարարներն ամբողջ գիշեր աշխատել են: «Ներկա պահին կա 16 զոհ, 17 մարդ  անհետ կորած է համարվում: Անհետ կորածների թիվը 18 էր, սակայն 1 անհետ կորածի մասով մենք ստացել ենք զանգ, որ տվյալ քաղաքացին երկրում չէ, այսինքն՝ ողջ է և ընդհանրապես այստեղ չի եղել»,- ասաց նախարարը:
Նա մանրամասնեց, որ հրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ չկա հրդեհ, կատարվում է միայն հովացման աշխատանք: «Կարող եմ ասել, որ մենք ամբողջ ծավալով իրականացնում ենք միայն որոնողափրկարարական աշխատանքներ»,- նշեց Արմեն Փամբուխչյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարն ընդգծեց, որ ծանր տեխնիկա միանգամից չեն կարող օգտագործել, քանի դեռ կա հավանականություն, որ կարող են քաղաքացու հայտնաբերել: «Հնարավորինս բացազատում ենք տարածքը, այնուհետև մեր փրկարարները տվյալ հատվածում դիտարկում են իրականացնում, դրանից հետո միայն ծանր տեխնիկա օգտագործվում է»,- ընդգծեց նա:
Նախարարը նշեց, որ այս պահին հաստատված է զոհերից միայն 6-ի ինքնությունը. 10 զոհի ինքնությունը դեռևս չի պարզվել: Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, երբ հաջողվի նույնականացնել բոլոր զոհերին, անհետ կորածների թիվն էլ կնվազի:
Փամբուխչյանն անդրադարձավ նաև մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տարատեսակ լուրերին փլատակներից ողջ քաղաքացիների հայտնաբերելու վերաբերյալ: «Ես խնդրում եմ քաղաքացիներին հետևել միայն պաշտոնական լուրերին, քանի որ անհեթեթ սպասումներ են տալիս հարազատներին, ինչն ընդհանրապես չի օգնում մեր աշխատանքներին: Ես խնդրում և հորդորում եմ բոլորին զերծ մնալ նման լուրեր տարածելուց: Մենք օպերատիվ կերպով աշխատում ենք լրատվամիջոցների հետ, բոլոր նորություններն առաջինը մենք ենք իմանում, որից հետո տեղեկացնում ենք լրատվամիջոցներին և հանրությանը»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ հրդեհը սկսվել է հրավառ նյութերի պահեստից, սակայն դժվարացավ նշել, թե կոնկրետ շինության որ հարկում է եղել պայթյունը:
Պայթյունի տարածքում օրվա ընթացքում մինչև 150 մարդ է աշխատում: Հիմնական աշխատանքներն իրականացնում են փրկարարները, Հայկական Կարմիր խաչի և ՈՄԱ հասարակական կազմակերպության կամավորները:
Փամբուխչյանը վստահեցրեց՝ ոչ մարդկային ռեսուրսի, ոչ տեխնիկայի պակաս չկա:
Նախարարը դժվարացավ պատասխանել հարցին, թե երբ կավարտվեն որոնողափրկարարական աշխատանքները: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...