Դեպքեր ունենք, որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց զենքի մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից. վարչապետ
Երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքն են իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել: Այս մասին կառավարության հերթական նիստին մինչ օրակարգին անցնելը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է: «Ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում և ադրբջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են ՀՀ տարածքում: Սա ագրեսիվ գործողությունների և ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքը օկուպացված է, մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից»,-ասաց նա:
Վարչապետն ասաց, որ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթաց են սկսել, և Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել ԶՈւ բարեփոխումները: «Ադրբեջանը, ցավոք, որոշակի հաջողություններ ունի մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով և որտեղ հնարավոր է, փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Դեպքեր ունենք, որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ամենը տեղի է ունենում մեկ նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքնիշխանությունից, մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք: «Բայց ուզում եմ ընդգծել, որ ի հեճուկս բոլոր գործոնների՝ մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում և փառք բոլոր հերոսներին, որոնք կանգնած են ՀՀ ինքնիշխանության, անկախության պաշտպանության դիրքերում»,- ասաց նա: