Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 10-12-2022՝ ժամը 13:35-ին

445828

434979

2137

8712
Service
...
ARMENPRESS.AM
16:40 24/11
ARMENPRESS.AM

Արտոնություններ են տրամադրվել ձիթապտղի, պանրի և կարագի արտադրությամբ զբաղվող ընկերություններին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը թույլատրել է «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կառավարությունը որոշում է կայացրել նոյեմբերի 24-ի նիստի ընթացքում:
Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պահածոյացված ձիթապտղի արտադրության համար։ 2002 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4.4 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար։ Թողարկված արտադրանքի 80%-ը և ավելին նախատեսվում է արտահանել ՌԴ։ Նախատեսվում է  ստեղծել 31 նոր աշխատատեղ՝  180-200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 656 մլն դրամ:
Գործադիրի որոշմամբ մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի  «Բիալկա» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող հումքը կօգտագործի տարբեր տեսակի պանիրների, պանրային մթերքի և կարագի արտադրության համար։ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և արտադրությունն իրականացնելու է Երևանում։ Ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար, կստեղծվի 20 նոր աշխատատեղ՝ 150 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 450 մլն դրամ։
Կրթության դաստիարակության համար կապահովվեն շենքային  և գույքային առավել բարենպաստ պայմաններ
Կառավարությունը վերաբաշխման միջոցով  1,933,373.9 հազար դրամ կուղղվի  մի շարք դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավմանը: Գումար կհատկացվի թվով 96 դպրոցի շենքային պայմանների բարելավման համար, որոնցից 15-ը՝ Արագածոտնի մարզում, 7-ը՝ Արարատի մարզում, 13-ը՝ Արմավիրի մարզում, 6-ը՝ Գեղարքունիքի մարզում, 17-ը՝ Լոռու մարզում, 6-ը՝ Կոտայքի մարզում, 21-ը՝ Շիրակի մարզում և 11-ը՝ Տավուշի մարզում։ Գումարները հատկացվում են դպրոցների մասնակի նորոգման համար: Գումար կհատկացվի նաև թվով 101 դպրոցի գույքով ապահովման համար։ Գումարները հատկացվում են դպրոցների մասնակի նորոգման համար, մասնավորապես՝ 20 դպրոցում կիրականացվեն ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ, 12 դպրոցում կիրականացվեն տանիքի նորոգման աշխատանքներ, 33 դպրոցում կփոխարինվեն պատուհանները և դռները և կիրականացվեն դասասենյակների ներքին հարդարման աշխատանքներ, 9 դպրոցում կիրականացվեն սանհանգույցների նորոգման աշխատանքներ, 3 դպրոցում կիրականացվեն ֆոտովոլտային համակարգի կառուցման աշխատանքներ, 19 դպրոցում կիրականացվեն մարզադահլիճի կամ ճաշարանի նորոգման կամ բակի բարեկարգման աշխատանքներ:
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թ. հաստատված բյուջեում կատարել վերաբաշխում՝ 154,674.0 հազար դրամի չափով՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից թվով 8 մանկապարտեզի համար գույքի ձեռքբերման նպատակով: Ըստ այդմ՝ կապահովվի Դաշտավան համայնքի, Արագածավան համայնքի, Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրի և Ջրվեժ գյուղի, Արամուս համայնքի, Մարմաշեն համայնքի Հացիկ, Ջաջուռավան և Լեռնուտ բնակավայրերի մանկապարտեզների գույքային հագեցվածության բարելավումը։
Կառավարությունը 2022 թ. պետբյուջեով հատկացված միջոցներից կատարել է վերաբաշխում 353,830.7 հազար դրամ գումարի չափով՝ թվով 13 դպրոցի գույքով ապահովման համար: Մասնավորապես գումարներ կհատկացվեն  Երևանի Տ. Շևչենկոյի անվան  N  42, Ա. Ղարիբյանի անվան N 142, Վաղարշապատի Մ. Գորկու անվան N 5, Սևանի Խ. Աբովյանի անվան, Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան, Արթիկ քաղաքի թիվ 3  ավագ դպրոցներին, Գյումրու Ակադեմիական վարժարանին, Մ. Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցին և այլն:
Միջազգային համագործակցություն. Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև  նոյեմբերի 17-ին ստորագրված վարկային համաձայնագրով  կտրամադրվի 100 մլն եվրո
Կառավարությունը հավանություն է տվել  «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թ. նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:  Ըստ հիմնավորման՝ համաձայնագրով նախատեսված  100 մլն եվրոն  տրամադրվելու է երկու մասնաբաժիններով: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է՝ հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման և այլն: Վարկը կտրամադրվի 20 տարով, որից 5 տարին՝ արտոնյալ   ժամանակահատվածով:
Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, այս տարվա ընթացքում առանձնահատուկ համագործակցություն է տեղի ունեցել Ֆրանսիական զարգացման գործակալության հետ: «Բազմաթիվ ուղղություններով, հատկապես ֆինանսների կառավարմանը վերաբերող, զգալի մասնագիտական, փորձագիտական աջակցություն ենք ստացել: Դրանք օգնում են, որ մեր կողմից իրականացվող    հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, պետական գնումների համակարգի, կառավարության պարտքի կառավարման հարցերում ավելի հղկենք այն անելիքները, որոնք վերաբերում ենք մեր գալիք բարեփոխումներին: Եվ մեկ առանձնահատուկ կետ նույնպես ուզում եմ նշել. հաշվի առնելով ավելացող համագործակցության ծավալները՝ Ֆրանսիական զարգացման գործակալությունը որոշում է կայացրել Երևանում բացել մշտական ներկայացուցչություն»,-ասել է նախարարը
Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաև չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատված մեկ այլ որոշմանը՝««Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եվ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Վարկային համաձայնագրով նախատեսված  100 մլն ԱՄՆ դոլարն  ևս ուղղվելու է «ՀՀ 2022 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:
Անդրադառնալով համաձայնագրերը վավերացնելու վերաբերյալ որոշումներին ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սա, կարծում եմ, Ֆրանսիայի հետ մեր խորացող հարաբերությունների շատ կարևոր արտահայտություն է, և ուզում եմ նաև այս համաձայնագրի և որոշումների կապակցությամբ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և նախագահ Մակրոնին այս շահագրգիռ աջակցության համար: Հույս ունեմ և համոզված եմ, որ հարաբերությունների այս դինամիկան Հայաստանի և Ֆրանսիայի միջև մենք կպահպանենք: Համենայն դեպս, երկուստեք երկու երկրների ղեկավարների մակարդակում այս կամքը կա: Հաջորդ վարկային ծրագիրը նույնպես շատ կարևոր է: Ասիական զարգացման բանկը մեր շատ կարևոր գործընկերներից է»:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև պետական պարտքի կառավարմանը և նշել, որ էական չէ, թե որքան է դարձել պետական պարտքը,   էական է, թե ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքն ինչ ծավալ է կազմում. «Այսօր ունենք շատ դրական վիճակ, երբ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոս է: Սա, մեղմ ասած, դրական ցուցանիշ է, ընդ որում, նախորդ օրը մենք Ֆինանսների նախարարությունում ամփոփում էինք նախարարության աշխատանքները, և առաջին հարցը, որ ինձ մոտ ծագեց՝ արդյոք սա փոխարժեքի փոփոխության արդյունք է: Իհարկե, փոխարժեքի փոփոխությունն ունի դերակատարում, բայց հաճույքով արձանագրեցինք, որ իրականում մեծապես կախված է պետական պարտքի կառավարման որակից»:
Այդ համատեքստում  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև  2022 թվականի հոկտեմբերին Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդին. «Այսինքն՝ բոլոր ժամանակների համար ունենք բացարձակ ռեկորդ՝ հոկտեմբերին գրանցվել է 696 445 աշխատատեղ: Եվ հետաքրքիր է, որ նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ այս տարի 42 623-ով ավելի աշխատատեղ ունենք: Պատկերացնում եք՝ ինչ թվերի մասին է խոսքը: Եվ աշխատավարձի ֆոնդն եմ ուզում համեմատել. աշխատատեղերի առումով 2018 թվականի հոկտեմբերի համեմատությամբ, 110 266 նոր աշխատատեղ է ձևավորվել, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ՝ հանրապետությունում ստեղծվել է 148 000 նոր աշխատատեղ: Աշխատավարձերի ֆոնդի առումով, որովհետև սա շատ կարևոր է գնաճի տրամաբանության տեսակետից՝ 2022 թվականի հոկտեմբերը, 2021 թվականի հոկտեմբերի նկատմամբ, 34 մլրդ դրամով կամ 24.6 տոկոսով ավելի: Բնականաբար, եկամտային հարկերի հավաքագրման առումով էլ, օրինակ, մենք 2018 թվականի նկատմամբ այս հոկտեմբերին 9 մլդ 937 միլիոնով, այսինքն՝ 10 մլդ դրամով, կամ 38 տոկոսով ավել եկամտային հարկ ենք հավաքագրել, տարվա ցուցանիշներն էլ համապատասխանաբար: Մի թիվ ունենք, ճիշտն ասած, որը «կարմիր» է իմ տեղեկանքում, դա  միջին ամսական աշխատավարձն է, և դեռ պետք է վերլուծենք, որպեսզի հասկանանք ինչն է պատճառը: Ոմանք ասում են, որ աշխատատեղերի թիվն ավելի արագ է աճում, քան աշխատավարձերը, և այս երևույթի պատճառը սա է, բայց ամեն դեպքում մենք պիտի վերլուծենք և հասկանանք: Այս ամենն ուզում եմ կարևորել ևս մի պատճառով, որովհետև ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունն առաջին հերթին նշանակում  է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն անհրաժեշտ վարկային միջոցներն, ըստ էության, երբ ուզենա՝ կկարողանա ներգրավել»:
Առաջիկայում երկաթուղիների վերականգման ոլորտում մեծ ներդրում ունենալու անհրաժեշտություն կարող ենք ունենալ. վարչապետ
«Իհարկե այս ոլորտում իմ փորձը ցույց է տվել, որ լավատեսական լուրերի նկատմամբ պետք է շատ զգույշ լինենք, բայց կարող եմ ասել, որ եթե այն, ինչ մենք երեկ իմացանք և պայմանավորվեցինք, եթե այդ ամենն իր տրամաբանությունից չշեղվի, առաջիկայում մենք «Հայկական խաչմերուկ» ծրագրի շրջանակներում, մասնավորապես, երկաթուղիների վերականգնման ոլորտում մեծ ներդրում ունենալու անհրաժեշտություն կարող ենք ունենալ»,- կառավարության այսօրվա նիստում նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբատ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է. «Ուրախալի է, որ մենք այդ հնարավորությունն ունենք։ Դա մի ծրագիր է, համոզված եմ, որ բոլոր գործընկերները մեծ հետաքրքրություն կդրսևորեն։ Խոսքը հետևյալի մասին է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում մենք որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, ինչը նշանակում է, որ կարող է լինել էական և լուրջ հնարավորություն, որ մենք նորից վերադառնանք և սկսենք երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբատ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է։ Կրկին ասում եմ՝ նախորդ դառը փորձը հաշվի առնելով, հիմա ուղղակի ուզում եմ տեղեկատվությունը կիսել, բայց ասել, որ դեռևս պետք է այդ ամեն ինչը վերահաստատվի և արձանագրվի։ Բայց լավն այն է, որ մենք ֆինանսական հնարավորությունների պրոբլեմ չենք ունենա»:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև երեկ Երևանում տեղի ունեցած  Հավաքական անվտանգության խորհրդի նիստին և նշել. «Արդյունքում, ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ։ Նաև ուզում եմ ասել, որ իմ կարծիքով, տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ և դրական քննարկում, և այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման։ Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք լրամշակել և գալ ընդհանուր հայտարարի: Ընդհանուր առմամբ, չնայած այս հանգամանքին, որ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը չընդունվեց, այսինքն՝ մենք չստորագրեցինք հռչակագիրը և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց՝ կրկին մեր չստորագրելու պատճառով: Բայց կրկին ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ, դրական եմ համարում քննարկումը, դրական եմ համարում նաև Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ ֆորմատում ունեցած բանակցությունները։ Հույս ունեմ, որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվեցին, հնարավորինս արագ կիրականացնենք»:
Պետական պահպանության ծառայությանը նախատեսվում է տրամադրել ՀՀ վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ
Կառավարությունը հավանություն է տվել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Օրինագծերով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին: Կարևորելով զինծառայողներով համալրված և «այլ զորքերի» կարգավիճակով օժտված մարմնի գործառույթների օպերատիվ կառավարման անհրաժեշտությունը, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ Պետական պահպանության ծառայության պարագայում ծառայությունը պայմանավորված է ամենօրյա ռեժիմով իրավիճակին արագ արձագանքելու և համարժեք գործողություններ իրականացնելու հրամայականով՝ նախատեսվում է վերջինիս ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում: Միաժամանակ, առաջարկվում է սահմանափակել պաշտոնաթող Հանրապետության նախագահներին և վարչապետներին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետները: Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ տարածքում Հանրապետության նախագահներին և վարչապետներին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետը սահմանափակել համապատասխանաբար 7 և 10 տարիներով: Նշված ժամկետների ընտրության համար հիմք է ընդունվել Հանրապետության նախագահի պաշտոնավարման սահմանադրական ժամկետը և Ազգային ժողովի ընտրության (համապատասխանաբար՝ վարչապետի պաշտոնավարման) երկու սահմանադրական ժամկետը: Բացի այդ, առաջարկվում է նախատեսել դրույթ, համաձայն որի՝ վերը նշված ժամկետների ավարտից հետո պաշտոնաթող Հանրապետության նախագահներին և վարչապետներին պետական պահպանություն հնարավոր կլինի տրամադրել վարչապետի որոշմամբ (օրինակ՝ կախված այն հանգամանքից, թե վերջիններս ինչ տեղեկատվության կրող են կամ արդյոք վերջիններիս կյանքին որևէ վտանգ է սպառնում): Առաջարկվում է նախատեսել նաև իրավակարգավորումներ, որոնց պարագայում պաշտոնաթող Հանրապետության նախագահներին և վարչապետներին՝ օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կտրամադրվի մեկ տարվա ընթացքում օտարերկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ընթացքում:
Մյուս նախագծերով առաջարկվող կարգավորումներն ածանցյալ են նշված հիմնական փոփոխությունից: Նախագծերի փաթեթում ներառված է նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերանայել պաշտոնաթող Հանրապետության նախագահի՝ մեկ տարվա ընթացքում այլ պետություններ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող այցերի ընդհանուր տևողությունը, համանման կարգավորում նախատեսել նաև պաշտոնաթող վարչապետի համար, միաժամանակ, կանոնակարգելով նաև վերջիններիս՝ այլ պետություններ կատարվող այցերի ժամանակ նրանց պետական պահպանություն տրամադրելու նպատակով Պետական պահպանության ծառայության զինծառայողների՝ օտարերկրյա պետություններ գործուղման ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները: Բացի այդ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայում օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների (ամուսին, ծնող) համար ապահովվում է ՀՀ-ում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով) և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա: Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայում հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ: Միաժամանակ, վերոհիշյալ նախագծով առաջարկվում են նաև այլ կարգավորումներ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք անմիջականորեն առնչվում են պետական պահպանության օբյեկտներ հանդիսացող անձանց՝ նպատակահարմար է գտնվել առաջարկվող փոփոխությունները միավորել մեկ փաթեթում:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծերի փաթեթով նախատեսված բարեփոխումները և նշել. «Պետական պահպանության ծառայությունը դառնում է ՀՀ վարչապետին ենթակա մարմին: Ուզում եմ ընդգծել, որ սա նաև Ազգային անվտանգության ծառայության բարեփոխումների շրջանակներում է: Մենք շատ ենք քննարկել, թե արդյոք արժե այսպիսի փոփոխություն անել, թե ոչ: Եկել ենք եզրակացության, որ արժե այսպիսի փոփոխություն անել, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությանն իր բուն գործառույթների վրա կենտրոնացնելու հնարավորություն տալով: Իսկ մեր ընկալումն այն է, որ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է զբաղվի 3 հիմնական ուղղություններով, և մենք պետք է Ազգային անվտանգության ծառայության կարողությունները և հնարավորություններն այդ առումով էականորեն մեծացնենք: Ընդ որում, մենք դա անում ենք, բյուջետային ցուցանիշները դա են ցույց տալիս: Առաջին ուղղությունը հակահետախուզություն է: Ոչ այդքան գոհունակությամբ պետք է նշել, որ այդ առումով Ազգային անվտանգության ծառայությունը վերջին շրջանում աննախադեպ հաջողություններ ունի: Մենք կարող ենք ասել, որ հակահետախուզության ոլորտով, այսինքն՝ հանրային իրազեկում էլ է տեղի ունենում, շատ ցավալի է, որ այդպիսի երևույթներ կան: Բայց մյուս կողմից շատ կարևոր է, որ երկիրն ունենա կառույց, որն ի վիճակի է այդ ամենով զբաղվել և այդ ամենը բացահայտել և, հետևաբար, այդ երևույթի դեմ պայքարել: Այսինքն՝ հակահետախուզությունն ամենակարևոր գործառույթն է Ազգային անվտանգության ծառայության: Երկրորդն ահաբեկչության դեմ պայքարն է, և երրորդը սահմանադրական կարգի պահպանությունը: Այս երեք գործառույթների առումով Ազգային անվտանգության ծառայությունը պետք է շատ լուրջ կարողություններ ունենա, և նաև այս նպատակադրումով և հեռանկարով է, որ Պետական պահպանության ծառայությունը վերափոխում ենք»:
Օրենսդրական այլ նախաձեռնություններ. առաջարկվում է բարձրացնել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի պետական տուրքի գծով բեռը
Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին»,  «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի նպատակը խաղային ոլորտի (ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի) հարկային բեռի վերանայումն է: Օրինագծերով առաջարկվում է բարձրացնել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի պետական տուրքի գծով բեռը և կարգավորել խաղադրույքների հասկացության, ինչպես նաև խաղադրույքներ ընդունելու իրավունքի հետ կապված հարաբերությունները: Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ՝ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը կազմում է 175 մլն դրամ, տոտալիզատորի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը կազմում է 50 մլն դրամ և այլն: Արդյունքում ակնկալվում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի  կազմակերպիչների պետական տուրքի գծով բեռը բարձրացնելու միջոցով ապահովել խաղային ոլորտի համարժեք հարկում, ինչպես նաև կատարվող խաղադրույքների ծավալների կրճատում:
Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  4 տարվա համառ և երկարատև պայքարից հետո կարողանում են խաղային ոլորտը կարգավորել: «Դուք գիտեք, որ դրա հետ կապված և՛ երևացող, և՛ չերևացող ամենատարբեր դիմադրություններ, երևույթներ կային, բայց որոշումը շատ կարևոր է, որ շատ ազնիվ է: Այդ ոլորտում մենք ունենք պետական տուրք՝ տարեկան 600 միլիոն դրամի չափով: Հիմա ասում ենք՝ այդ 600 միլիոն դրամը մուծում եք, աշխատում եք, շատ լավ, բայց ամեն 100 մլդ դրամ խաղադրույքի համար պետք է լրացուցիչ 175 մլն դրամ տուրք վճարեք, գումարած այդ 600 միլիոնը: Այսինքն՝ ազնիվ է, որովհետև կախված ինչքան հաջողակ է տվյալ խաղային բիզնեսով զբաղվող ընկերությունը, համապատասխանաբար ավելանում է»,-ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ Պետական եկամուտների կոմիտեն և Ֆինանսների նախարարությունը համատեղ մշակում են խաղատների, շահումների հաշվառման և հարկման նոր համակարգ. «Դա պարզ գործ չէ, այդտեղ լուրջ ծրագրային մոտեցումներ են պետք, և նաև կազմակերպական մոտեցումներ: Բայց նաև շատ կարևոր է, որ մենք այդ ուղղությամբ պիտի առաջ գնանք»:

Վարչապետը նաև նշել է. «Մենք այսօրվա օրենքով ունենք կարգավորումներ, որ կազինոների թույլտվություն, կազինոների գործելու հնարավորություն տվել ենք որոշակի տեղանքներում: Բայց նաև, եթե չեմ սխալվում, 100 միլիոն դոլար ներդրման պարագայում հնարավորություն կա ցանկացած տեղ բացել կազինոներ: Ֆինասների նախարարությունում քննարկման արդյունքում մենք հետևյալ անհրաժեշտությանը հանգեցինք, որ մեզ պետք է կարգավորում, թերևս կառավարության որոշում, որպեսզի մենք ստեղծենք մեթոդաբանություն, թե ինչպես ենք հաշվառելու և հաշվարկելու, թե արդյոք 100 միլիոն դոլար ներդրում է արված: Օրինակ, ասենք նույն Երևանում կարող են լինել և այդպիսի ազդակներ արդեն մենք ունենք, որ Երևանում 100 միլիոն և ավելի դոլար ներդրմամբ հյուրանոցներ են կառուցվում, որոնք նպատակադրում ունեն հետագայում կազինո բացելու, որը, բնականաբար, կլինի այսպես ասած, այլ կարգի կազինո, որը սոցիալապես անապահով խավի խաղադրույքների վրա աչք չի դնի, այլ բոլորովին այլ տրամաբանությամբ կաշխատի: Բայց խնդիր կա, թե մենք ինչ մեթոդաբանությամբ ենք հաշվառելու, թե արդյոք 100 միլիոն դոլար ներդրում արված է: Հանձնարարականը տրված է, կարծում եմ՝ մի քանի ամսվա ընթացքում կարող ենք այդ նախագիծը դնել շրջանառության մեջ, որպեսզի այստեղ ամեն ինչ թափանցիկ լինի, հաշվարկելի լինի, ստուգելի լինի, որպեսզի որևէ չարաշահման կամ այլ երևույթների հնարավորություն չլինեն: Այսինքն՝ մենք այդ օրենքի տրամաբանությունը զարգացնում ենք, որպեսզի ամեն ինչ լինի ծայրահեղ թափանցիկ, հստակ, որովհետև հասկանալի է, որ այդտեղ ամենատարբեր շահեր կան: Մենք պետք է պետական շահը հստակ ձևակերպենք, որպեսզի այդ տրամաբանությամբ առաջնորդվենք»:
Նախատեսվում է ստեղծել  Վերաքննիչ  հակակոռուպցիոն դատարան. Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերը:  Օրինագծերի  մշակումը բխում է վերաքննիչ դատարանում հակակոռուպցիոն գործերի առավել մասնագիտացված և արդյունավետ քննության ապահովման անհրաժեշտությունից: Նախագծերի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից: Նախագծի ընդունման արդյունքում ստեղծվելու է Վերաքննիչ  հակակոռուպցիոն դատարանը, որն իրականացնելու է հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կարգով վերանայումը: Դատարանը կազմված է լինելու թվով առնվազն 12 դատավորներից, որոնցից առնվազն 6-ը զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, առնվազն 6-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննությամբ: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի նաև վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց համար բարեվարքության գնահատման գործընթացի արդյունավետ իրականացումը:
ՀՀ-ում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը կհետաձգվի ևս մեկ տարով. Հավանություն  է տրվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը ևս մեկ տարով հետաձգելու պահանջով: Օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում է հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ:  2022 թ. աննախադեպ է դիմումների և տրամադրված հավաստագրերի քանակով։ Եթե 2015-2021թթ. ընթացքում հարկային արտոնություն ստանալու հավաստագիր է ստացել 1074 կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր), ապա միայն 2022թ. նոյեմբերի 8-ի դրությամբ, հավաստագրված կազմակերպությունների թիվը 1230 է, որից 1105-ի հիմնադիրները այլ երկրների քաղաքացիներ են։ Օրենքի համաձայն տնտեսավարող սուբյեկտ են համարվում  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք ՀՀ-ում կգրանցեն նոր կազմակերպություն։ Նրանք ևս կարող են դիմել, ստանալ հավաստագիր և արտոնյալ պայմաններով սկսել և ընդլայնել իրենց բիզնեսը Հայաստանում։ Մեր երկրում գործունեություն սկսելու համար արտերկրից դիմողների թիվը 2015 թ.-ից մինչ օրս կազմում է 247 օտարերկրյա ընկերություն։ Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը հետաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հավանության է արժանացել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Աղբահանության ոլորտում առկա իրավիճակի կարգավորումներով, մասնավորապես՝  օրենքի նախագծով առաջարկվում է կանոնակարգել աղբի հետ գործածության գործունեությունը, այդ թվում՝ աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման և բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում տեղադրման գործառույթները:  Այդ կապակցությամբ նախագծով, մասնավորապես,  առաջարկվում է՝           խմբագրել ամբողջությամբ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, հստակեցնել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության սկզբունքներն ու նպատակները, ամրագրել աղբի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև աղբի առաջացման կանխարգելման և քանակի նվազեցման պահանջների վերաբերյալ դրույթները, հստակեցնել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնողի նկատմամբ հիմնական պահանջները՝ հիմք ընդունելով մասնագիտացված  տեխնիկայի ու սարքավորումների հագեցվածությունն ու պրոֆեսիոնալ օպերատորների, այդ թվում տարածաշրջանային, ներգրավման անհրաժեշտությունը: Արդյունքում՝ աղբի հետ գործածության ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմամբ կստեղծվի օրենսդրական և ինստիտուցիոնալ հենք՝ նպատակաուղղված  թափոնների հինգաստիճան ստորակարգության կիրառմանը, այդ թվում՝ առաջացող թափոնների ծավալի նվազեցմանը, հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքմանը, տեղափոխմանն ու անվտանգ հեռացմանը, ինչպես նաև  օգտահանման ենթակա թափոնների տեսակավորված հավաքմանը և դրանց վերամշակման։ Վարչական տուգանքների կիրառումն էլ իր հերթին կբերի մարդու առողջության և  շրջակա միջավայրի վրա աղբի բացասական ազդեցությունների զգալի նվազեցմանը։
«ՀՀ հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի նպատակն է՝ բարձրացնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետությունը՝ նվազեցնելով  դրա վրա ծախսվող ռեսուրսները։ Օրինագծերով նախատեսվում է բարձրացնել ՀՀ քաղաքացիներին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը` միաժամանակ նվազեցնելով հարկային վարչարարությունը և դրա վրա ծախսվող ռեսուրսները և ծախսերը: Առաջարկվում է սահմանել, որ հարկային հսկողության շրջանակում բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք հարկ վճարողից (բացառությամբ ֆիզիկական անձի) գրավոր պահանջում են էլեկտրոնային կամ թղթային եղանակով տրամադրել հարկային հսկողության ժամանակահատվածին վերաբերող յուրաքանչյուր հաշվի վերաբերյալ էլեկտրոնային կամ թղթային բանկային հաշվի քաղվածքը, ինչպես նաև բանկային հաշվի քաղվածքը հարկային մարմնի կողմից ՀՀ կենտրոնական բանկի միջոցով ստանալու համաձայնությունը: Կսահմնվի  հարկ վճարողների կողմից անալիտիկ հաշվառում վարելու, անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների հաշվառում վարելու պահանջ, հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար շահութահարկի դրույքաչափը կսահմանվի  23%:
Հենաշարժողական խնդիրներ ունեցող վիրավոր զինվորների համար բնակելի ավան  կստեղծվի Կոտայքի մարզում
Կառավարության որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ 7-րդ փողոց 1/2 հասցեում գտնվող հողամասը կնվիրաբերվի «Զինվորի տուն» բարեգործական ԿՀ-ին՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող վիրավոր զինվորների համար հարմարեցված տների կառուցման ծրագրի իրականացման նպատակով։ Նախատեսվում է ստեղծել բնակելի ավան, որը լիովին կհամապատասխանի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձի պահանջներին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել 8 մեկ հարկանի առանձնատուն և 1 երկհարկանի կացարան։ Համալիրը կլինի ամբողջությամբ կանաչապատ, կներառի այգի, հանգստի գոտի, մանկական խաղահրապարակ, սպորտդահլիճ՝ նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց մարզումների համար։ Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել հարմարավետ պայմաններ ու միջավայր Ծրագրի շահառու հանդիսացող զինվորների համար, ինչպես նաև բարձրացնել վիրավոր զինվորների կյանքի որակը, հնարավորություն տալ վարել ակտիվ կենսակերպ՝ նպաստելով վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրմանը։ Ծրագիրն ամբողջությամբ՝ ներառյալ բարեկարգման աշխատանքները կիրականացվի 4 տարում։ Յուրաքանչյուր տան համար նախատեսված է նախնական հաշվարկով շուրջ 40 միլիոն դրամ բյուջե։ Կացարանի կառուցման և կահավորման համար պլանավորվում է ծախսել շուրջ 75 միլիոն դրամ։ Զրուցարանի կառուցման և տարածքի ընդհանուր բարեկարգման աշխատանքների համար անհրաժեշտ է շուրջ 35 միլիոն դրամ, մարզադահլիճի համար նախատեսվում է ծախսել 20 միլիոն դրամ։ Ընդհանուր ներդրումների չափը կազմում է շուրջ 450 միլիոն դրամ։
Լոռու մարզում գտնվող անշարժ գույքը  ներկայացվել է օտարման՝ մրցույթով
Կառավարության որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի ք., Զորավար Անդրանիկի 197 հասցեում գտնվող անշարժ գույքը  ներկայացնել օտարման՝ մրցույթով: Գույքն իրենից ներկայացնում է 1952 թ. կառուցված նախկին միջնակարգ դպրոցի շենք, որը ներկայումս չի շահագործվում։ Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 80 տոկոսի չափը՝ 78 180 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2 082 370 դրամ։
Կառավարությունը փոփոխություն է կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» օրենքում՝ ծրագրից «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերությունը հանելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ է 2020 թ. հունիսից գործող  Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը ազգաբնակչության առողջության բարելավմանն ուղղված, տարածաշրջանում մրցակցող դեր ունեցող կենտրոն է: Այն ունի բարձրագույն մասնագիտական որակավորում ստացած տարբեր բնագավառների մասնագետներ, որոնց թիմային աշխատանքի շնորհիվ արդեն իսկ իրականացվել է ավելի քան 800 պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա  հետազոտություն: Այսօր կենտրոնը շարունակում է իր հետագա ծրագրային զարգացումը՝ միջուկային բժշկության ոլորտում նոր ձեռքբերումների հասնելու ուղղությամբ, ինչպես նաև առկա է սերտ և ակտիվ համագործակցություն Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ, որը միտված է միջուկային ֆիզիկայի ոլորտը զարգացնելու՝ օգտագործելով կենտրոնի հնարավորությունները:Կենտրոնը սերտ համագործակցում է նաև Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի առաջատարը հանդիսացող ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ. չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի գործընթացում հաջողության անկյունաքարն է վաղ ախտորոշումը: Որոշմամբ նախատեսվում է կենտրոնը թողնել պետական մասնակցությամբ՝ բաժնետոմսերի կառավարումը հանձնելով Առողջապահության նախարարությանը և ապահովել մատուցվող ծառայությունների բարելավումը և շարունակական զարգացումը:
Այլ որոշումներ
Գործադիրն ընդունել է «1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձի կողմից զբաղեցրած բնակելի տարածքը սեփականաշնորհելու մասին» որոշում: ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` ք. Երևան, Մոլդովական փողոց 29/1 և ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարագիտական քոլեջի) հանրակացարաններ հասցեների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել կոմիտե, որոնցով խնդրել են իրենց ընտանիքի կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրել իրենց ընտանիքներին:
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Հեր-Հերի ջրամբարի ինքնահոս ջրատարի կառուցման աշխատանքներով պայմանավորված: Նախատեսվում է իրականացնել շրջակա միջավայրի ազդեցության գնահատում և փորձաքննություն:
Գործադիրը ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ պետբյուջե վերադարձնել  Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի համայնքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով հատկացված, սակայն չօգտագործված կամ տնտեսված ֆինանսական միջոցները: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ մարզերի համայնքներին տրամադրված սուբվենցիաների չօգտագործված կամ տնտեսված 960,344.3 հազար դրամը վերադարձնել վերադարձնել ՀՀ կառավարության ներքո՝ սուբվենցիոն ծրագրերի հետագա ֆինանսավորման համար։
Մեկ այլ որոշմամբ էլ ֆինանսական միջոցներ են նախատեսվում 2 ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների և թվով 1 տրանսպորտային օբյեկտի շինարարական աշխատանքների համար: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
ARAVOT.AM
12:00 10/12
ARAVOT.AM

Բեմի նվիրյալը
Մանրամասներ
  
Բեռնվում է...