Եվրոպայում տարեկան ավելի քան 200 հազար մարդ է մահանում օդի աղտոտվածության պատճառով
Օդի աղտոտվածությունը տարեկան ավելի քան 200 հազար եվրոպացիների կյանք է խլում: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ի հրապարակումից:
Ըստ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության՝ նոյեմբերի 24-ին տարածած հաշվետվության՝ օդի աղտոտվածությունը բնապահպանական այն գործոնն է, որն առավել հաճախ է հարուցում հիվանդության հետ կապված խնդիրներ, որոնք հանգեցնում են մահվան:
«2020 թվականին ԵՄ-ի երկրների բնակչության 96 տոկոսը ենթարկվել Է արտանետումների կործանարար ներգործության»,- տեղեկացնում են փորձագետները:
Հետազոտողները պարզել են, որ Եվրոպայում շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված վաղաժամ մահվան և հաշմանդամության առավել տարածված պատճառներ են դարձել սիրտ-անոթային հիվանդությունները և ինսուլտը, ինչպես նաև թոքերի քաղցկեղը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը և շաքարային դիաբետը: Օդի աղտոտվածության պատճառով վաղաժամ մահվան առավել մեծ թիվ է արձանագրվել Իտալիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Ռումինիայում և Իսպանիայում: