Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-02-2023՝ ժամը 10:11-ին

446309

435162

2428

8719
Service
...
HETQ.AM
16:24 24/01
HETQ.AM

Ներքին գործերի նորանշանակ փոխնախարար Դավիթ Համբարյանը չի հայտարարագրել իր բաժնեմասը

Հայաստանում ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կազմավորումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Համբարյանն ազատվեց արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվեց ներքին գործերի փոխնախարար։
Դավիթ Համբարյանն արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ նշանակվել էր 2022թ․ մայիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Մինչև այդ՝ 2021 թվականի փետրվարի 17-ից զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը, չնայած որ 2020թ․ սեպտեմբերի 23-ից արդեն իսկ քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարն էր։
2022թ․ ԱԻ փոխնախարար նշանակվելուց հետո Դավիթ Համբարյանը 30 օրվա ընթացքում պարտավոր էր գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, սակայն դա չի արել՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում Դավիթ Համբարյանի ներկայացրած ամենաթարմ հայտարարագիրը 2021թ․ տարեկան հայտարարագիրն է։
Որպես անշարժ գույք՝ ներքին գործերի նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է բնակարան Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ գնված 2000 թվականին, և բնակարան Մոսկվայում՝ գնված 2012 թվականին։ 2021 թվականի ընթացքում Դավիթ Համբարյանը 6,8 մլն ռուբլիով վաճառել է իր մոսկովյան բնակարանը Տատյանա Ֆադեևա անունով անձի։
Համբարյանը հայտարարագրել է 2 տրանսպորտային միջոց՝ Nissan մակնիշի՝ ձեռք բերված 2011 թվականին, և KIA մակնիշի՝ գնված 2019 թվականին։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի բանկային հաշվին տարեսկզբում եղել է միայն 557 հազար դրամ, սակայն տարեվերջում նրա բանկային հաշիվների գումարը կազմել է 2 մլն 321 հազար դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար։
Բացի այդ, Դավիթ Համբարյանը հայտարարագրել է նաև 30 հազար ԱՄՆ դոլար, 22 հազար եվրո և 8,5 մլն դրամ կանխիկ գումար։
Որպես եկամուտ՝ Դավիթ Համբարյանը հայտարարագրել է 7 մլն 897 հազար դրամ աշխատավարձ Երևանի քաղաքապետարանից և 4 մլն 913 հազար դրամ վարկ՝ «Ամերիաբանկից»։
Հարկ է նշել, որ ինչպես ներքին գործերի մյուս փոխնախարար Կամո Ցուցուլյանը, Դավիթ Համբարյանը նույնպես չի հայտարարագրել մասնավոր ընկերությունում իր ունեցած բաժնեմասը։ 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Դավիթ Համբարյանը Վանաձորում հիմնադրել է «Դ-Արտ» ՍՊԸ-ն, որի 50 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց Համբարյանին։ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ այդ ընկերությունը զբաղվում է արագ սննդի ծառայություններով։ Թեպետ ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, Համբարյանը պարտավոր էր իր հայտարարգրում նշել այդ բաժնեմասը։
Ի դեպ, բացի այն, որ Դավիթ Համբարյանը 2022թ․ չի ներկայացրել պաշտոնի ստանձնելու հայտարարագիրը և թաքցրել է իր բաժնեմասը, նա կարգապահությամբ աչքի չի ընկել նաև Երևանի քաղաքապետարանում աշխատելու ժամանակահատվածում։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի 2022թ․ մայիսի 4-ի որոշմամբ՝ Դավիթ Համբարյանին հայտարարվել է խիստ նկատողություն քաղաքապետարանի գործավարական խորհրդակցություններից 9 անգամ անհարգելի բացակայելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ անդրադարձել էինք նաև ներքին գործերի մյուս փոխնախարարների՝ Կամո Ցուցուլյանի, Արամ Հովհաննիսյանի և Արփինե Սարգսյանի հայտարարագրերին։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...