Միացել էր արտերկրում գտնվող քաղաքացու տան ազդանշանային համակարգը․ 47-ամյա գողը ձերբակալվել է (տեսանյութ)
Հունվարի լույս 22-ի գիշերը, ժամը 04.30-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ մայրաքաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկում հարևանի տան ազդանշանային համակարգը միացել է, հնարավոր է՝ ներսում մարդ կա։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ։ Քրեական հետախույզները պարզել են, որ տան բնակիչներն արտերկրում են, իսկ բանալին բարեկամի մոտ է։ Նրանք կապ են հաստատել բնակարանատիրոջ ազգականի հետ և վերցրել բանալին։
Իրավապահները տեղում շրջափակել են շենքը՝ կանխելով բնակարանային գողի փախուստի հնարավոր ճանապարհները։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հենց բնակարանում 47-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Ըստ նրա՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էր ճաղավանդակն ու ներս մտել։
Բնակարանատիրոջ ազգականից ընդունվել է հաղորդում։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։