Հայտնի են պետական մարմինների աշխատակիցների մասնակցությամբ հրաձգության հանրապետական մրցաշարի հաղթողները
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփեց պետական մարմինների աշխատակիցների մասնակցությամբ հրաձգության հանրապետական մրցաշարը, որը անցկացվել էր 2023 թվականի հունվարի 27-ից 29-ը:
Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պետական մարմինների աշխատողների մասնակցությամբ հրաձգության հանրապետական մրցաշարի մասնակիցներ են՝ ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների, ՀՀ մարզպետարանների աշխատակիցներից կազմված թիմերը, շուրջ 31 կազմակերպություններ՝ 170 աշխատակիցներով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծեց, որ, իհարկե, մասնակիցները պրոֆեսիոնալ մարզիկներ չեն, բայց շատ լավ արդյունքներ են ցույց տվել, և ևս մեկ անգամ զենք բռնել ու հասկացել, թե վառոդը ինչ հոտ ունի ու զենքի սառնությունը ինչպիսին է:
«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում և այնպիսի ժամանակներում, որ մեզանից յուրաքանչյուրը գոնե զենքը լիցքավորելու, պահելու և կրակելու տարրական գիտելիքներ պետք է ունենա: Եվ, ելնելով այս ամենից, որոշեցինք այս անգամ հինգ ու վեց տրամաչափի հրացաններով անցկացնել մրցումները : Ի վերջո, դա մարտական զենք է, և յուրաքանչյուր մասնակից գոնե ութ կրակոց կատարեց և հասկացավ, թե ինչպես կարելի է զենքը լիցքավորել և դատարկել»,- ասաց Գիլոյանը:
Գիլոյանն ասաց, որ մասնակցությունը շատ ակտիվ է եղել, բայց մյուս տարի մրցաշարը ավելի մասսայական կիրականացնեն, քանի որ այս անգամ սահամանափակ քանակությամբ թիմեր էին մասնակցում:
Գիլոյանը նշեց նաև, որ նախարարության նախաձեռնությամբ մրցաշարը այլևս չի անցկացվի պետական աջակցությամբ:« Այսուհետ այս մրցաշարը կանցկացվի հովանավորների ներգրավմամբ»,- եզրափակեց նա:
Մրցաշարին կանանց անհատական պայքարում 44 միավորով առաջին տեղն է զբաղեցրել Անի Ղարիբջանյանը ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, երկրորդը՝ 36 միավորով Գայանե Մկոյանն է՝ ՀՀ վիճակագրական կոմիտեից, իսկ երրորդ հորիզոնականում է ՀՀ վիճակագրական կոմիտեից Արևիկ Վարդանյանը՝ 33 միավորով:
Մրցաշարի տղամարդկանց անհատական պայքարում՝ 44 միավորով առաջին հորիզոնականում է Դավիթ Սահակյանը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից, 42 միավորով երկրորդ տեղն է զբաղեցրել Գագիկ Իսախանյանը՝ ՀՀ Վարչապետի աշխատակազմից, 41 միավորով երրորդը Արա Պետրոսյանն է՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից :
Մասնակիցները պարգևատրվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները՝ օդամղիչ հրացաններով։
Պետական մարմինների աշխատողների միջև հրաձգության հանրապետական մրցաշարին թիմային պայքարում 1-ին տեղը զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե 176 միավորով, 2-րդ տեղը՝ ՀՀ Վարչապետի աշխատակազմ 168 միավորով և 3-րդ տեղը՝ 164 միավորով գրավել է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Հաղթող թիմերը պարգևատրվեցին ՀՀ կրթության, գրտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթներով։
Մրցաշարին կանաց անհատական պայքարում առաջին տեղը զբաղեցրած Անի Ղարիբջանյանը նշեց, որ հրաձգության մրցաշարին մասնակցում է երկրորդ անգամ: «Այս անգամ զենքի տեսակը այլ էր, բարդ էր, բայց կարծում եմ բոլոր մասնակիցներին այն հնարավորություն տվեց զենքի և դրա հետ վարվելակերպի կանոններին ծանոթանալ: Ըստ իս՝ յուրաքանչյուր մասնակցի մոտ, բացի նոր գիտելիքներից նաև անձնական հմտություններ բացահայտվեցին՝ համբերատարություն և նպատակին հասնելու ձգտում»,- ասաց Անին: