Թրամփը հայտարարել է առաջիկայում իր ձերբակալության մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Truth Socia-ի եթերում զգուշացրել է, որ հաջորդ երեքշաբթի իրեն կարող են ձերբակալել։
«Հանրապետականների առաջատար թեկնածուն և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահը երեքշաբթի օրը կձերբակալվի, դուրս եկեք բողոքի, հետ վերցրեք մեր երկիրը», – գրել է քաղաքական գործիչը։
Ինչպես երեկ հայտնել է NBC հեռուստաալիքը, հաջորդ շաբաթ Թրամփին կարող են մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ նա իբր վճարել է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին, որպեսզի լռի մի քանի տարի առաջ իրենց սիրավեպի մասին:
Ինքը՝ Սպիտակ տան նախկին ղեկավարը, հերքում է թե՛ կապը դերասանուհու հետ, թե՛ իր կողմից անօրինական գործողությունները։ Նա հրաժարվել է երդվյալ ատենակալներին ցուցմունք տալուց։
Դենիելսը, ում իսկական անունը Ստեֆանի Քլիֆորդ է, հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել 2018թ.-ին։ Այնուհետ Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրին, գրել է, որ ընտրություններում Թրամփի առաջադրումից քիչ առաջ նրա փաստաբան Մայքլ Քոհենը դերասանուհուն վճարել է 130 հազար դոլար՝ նախագահի հետ կապը չբացահայտելու համար։ Սպիտակ տունը հերքել է այս տեղեկությունը։
Ավելի ուշ արտիստը լրատվամիջոցներին պատմել է, որ անհայտ տղամարդը սպառնացել է իրեն և իր երեխային՝ գործի մասին տեղեկատվության բացահայտման դեպքում։ Հետո Թրամփը Դենիելսին մեղադրեց ստելու մեջ։