Պուտինն ու Էրդողանը քննարկել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը․ Կրեմլ
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Քննարկվել են տարբեր ոլորտներում ռուս-թուրքական գործընկերության ակտուալ թեմաները։ Կողմերը գոհունակություն են հայտնել առեւտրատնտեսական կապերի դրական դինամիկայի, էներգետիկայի ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի հաջող իրականացման, այդ թվում՝ գազի մատակարարման եւ Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման կապակցությամբ»,-ասվում Է Կրեմլի հաղորդագրության մեջ:
«Թուրքիայի նախագահը եւս մեկ անգամ անկեղծորեն շնորհակալություն է հայտնել երկրաշարժի հետեւանքների հաղթահարման գործում ցուցաբերած օգնության, այդ թվում՝ Հաթայ նահանգում ռուսական դաշտային հոսպիտալի՝ վերջերս տեղակայման համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ մշակել Ռուսաստանից շինանյութերի մատակարարումների հաստատման հնարավորությունները՝ վերականգնելու ավերված ենթակառուցվածքները։
Թուրքիայի նախագահը դրական է գնահատել ստամբուլյան պայմանավորվածությունների գործողության ժամկետը 60 օրով երկարաձգելու Ռուսաստանի համաձայնությունը, որոնք վերաբերում են Սեւծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանմանը եւ ռուսական պարենի ու պարարտանյութերի արտահանման ապաշրջափակմանը: Ընդ որում՝ ըմբռնում են հայտնել ռուսական կողմի սկզբունքային տրամադրվածության մասին՝ հասնելու նշված պայմանավորվածությունների երկրորդ մասի ամբողջական կատարմանը՝ Ռուսաստանից գյուղատնտեսական արտադրանքի համար արգելքների վերացման վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել սիրիական հիմնախնդրին։ Ընդգծվել է թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակման կարեւորությունը։ Թուրքիայի նախագահն այդ կապակցությամբ հատուկ ընդգծել է Ռուսաստանի կառուցողական միջնորդական դերը։
Օգտվելով առիթից՝ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին եւ թուրք ժողովրդին մահմեդականների համար սուրբ Ռամադան ամսվա կապակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ ։