Արդարադատության նախարարը ծանոթացել է Փորձագիտական կենտրոնի ստացած նոր սարքավորումների աշխատանքին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը շրջայց է կատարել «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում, որն ստացել է ավելի քանի 15 նոր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան լաբորատոր սարքավորումներ։ Այս մասին տեղեկացրին «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։
«Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և փոխնախարար Արա Մկրտչյանը՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել կառույցի տարածքում, ծանոթացել Կենտրոնում վերջին մեկ տարում կատարված նկատելի բարեփոխումներին։
Նախարարին են ներկայացվել Կենտրոնի տասներեք բաժիններում իրականացվող փորձաքննությունները, ձեռք բերված նոր սարքավորումները, որոնց շնորհիվ կրճատվում է փորձաքննությունների ժամանակը, ապահովվում են ճշգրիտ արդյունքներ և բարձր արդյունավետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ շրջայցի ընթացքում նախարարին են ներկայացվել նոր բացված հանդիպումների սենյակը, ձեռք բերված նոր սարքավորումները, դրանց հնարավորություններն ու առանձնահատկությունները։
Նշվում է, որ նախարար Գրիգոր Մինասյանն ու փոխնախարար Արա Մկրտչյանը ներկա են գտնվել նաև Սարյանի և Այվազովսկու բնօրինակ կտավների մշակութաբանական բացառիկ փորձաքննությանը։
Կենտրոնից հայտնում են, որ 2022 թվականից մեկնարկած՝ նոր սարքավորումների ձեռքբերումը կրելու է շարունակական բնույթ: