Սպիտակ տունը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին. պատճառն ամերիկացիների ձերբակալություններն են
ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի ղեկավարության ներկայացուցիչների դեմ՝ ամերիկացիների ձերբակալությունների համար և կարծում է, որ այդ միջոցը չի խաթարելու սկսված գերիների փոխանակման գործընթացը, ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին։
CNN-ի փոխանցմամբ՝ դեռ չհայտարարված պատժամիջոցները կվերաբերեն հետախուզության նախարարությանն ու Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին:։
«Դրանք (պատժամիջոցները) կապված են Իրանում ամերիկացի քաղաքացիների անօրինական կալանավորման հետ»,- ասել է Քիրբին հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա հաստատել է, որ Իրանը երկուշաբթի օրը ազատ է արձակել հինգ ամերիկացիների՝ իր նույն թվով քաղաքացիների և 6 միլիարդ դոլարի ապասառեցման դիմաց։
Հարցին, թե արդյոք նոր պատժամիջոցները կխաթարեն փոխանակումը, Քիրբին բացասական է պատասխանել:
«Մենք չենք կարծում, որ այս պատժամիջոցները ինչ-որ կերպ կխանգարեն այս կոնկրետ գործարքին», – ասել է նա։