Արցախը շարունակում է պաշարված մնալ, Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկման դեպքում միայն հնարավոր կլինի խոսել շրջափակման դադարեցման մասին․ Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ հայտարարություն է տարածել․
«2023 թվականի սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպորտային միջոցներով Լաչինի միջանցքով և Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհով Արցախ է բերվել շուրջ 28 տոննա հումանիտար բեռ, որը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ: Այս մարդասիրական առաքելությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և միջազգային միջնորդների մասնակցությամբ երկարատև քննարկումների արդյունք է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը:
Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ Արցախը դեռևս շարունակում է պաշարված մնալ՝ զրկված լինելով Հայաստանից գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներից և հանրապետության ժողովրդի բնականոն կենսագործունեությունն ապահովելու հնարավորությունից: Անհրաժեշտ է նշել, որ վատթարացող հումանիտար աղետը հնարավոր չէ կանգնեցնել առանց սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների հուսալի և կանոնավոր մատակարարման: Մարդասիրական բեռի այս առաքումը, որը կազմում է մինչև շրջափակումն օրական Արցախ ներմուծվող 400 տոննա ապրանքների 7 տոկոսից պակաս, ո՛չ ծավալով, ո՛չ էլ ներմուծվող ապրանքների տեսականիով չի կարող փոխարինել առևտրային բեռների կանոնավոր ապրանքաշրջանառությունը, որն անհրաժեշտ է Արցախի բնականոն կենսագործունեությունը և բնական զարգացումն ապահովելու համար:
Կրկին ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային դերակատարները պետք է ապահովեն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների երկու ուղղություններով անվտանգ և անարգել տեղաշարժի համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել շրջափակման դադարեցման, ինչպես նաև բնականոն կենսագործունեության և Արցախի ժողովրդի անհատական ու հավաքական իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության և զարգացման իրավունքի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների հետագա վերականգնման մասին»:
Այսօր, 20:51
Միրզոյանը պատրաստակամ է ընդլայնել Էստոնիայի հետ երկկողմ օրակարգը
Կարևորել է նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ակտիվ կյանքի կոչումը։
Այսօր, 20:29
«Այդ որոշումը մեր սուբյեկտայնության պահպանման հարցում ոչ մի զիջում չի նախատեսում»․ Արցախի նախագահը՝ Բերձորի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով բեռների համաժամանակյա տեղափոխման մասին
Ամենօրյա աշխատանքում կառավարության անդամներից ակնկալելով խիստ կարգապահություն՝ նախագահ Շահրամանյանը հայտարարել է, որ պետական ինստիտուտների պահպանումը բոլորի գերխնդիրն է։
Այսօր, 20:23
Միրզոյանը Նյու-Յորքում Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը
Նաև հայ-ֆինլանդական հարաբերությունները։
Այսօր, 20:11
ՌԴ ՊՆ հաղորդել է Մարտակերտում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հայկական կողմից վիրավորի մասին
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։
Հայաստան, Երևան, Խորենացի, 34 Բ
Հեռախոս` +374 10 547275
էլ. փոստ` [email protected]
2008-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Aysor.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: