Ադրբեջանցիները խաղադրույքներ են կատարում, թե ում են բաժին հասնելու հայ կանայք․ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը վերջնականացնելն է։ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա շնորհակալություն հայտնեց Անվտանգության խորհրդին Լեռնային Ղարաբաղում անվտանգության և մարդասիրական վիճակի հարցով հրատապ նիստ անցկացնելու համար՝ նշելով, որ ԼՂ-ում այդ իրավիճակը ստեղծվել է Ադրբեջանի՝ առանց սադրանքի լավ պլանավորած ռազմական հարձակման պատճառով։
«Միջազգային հանրությունը մինչ այստեղ հավաքված փնտրում է աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման ուղիները, մինչ բոլորս խոսում ենք ուժի կիրառումը դատապարտելու հրամայականի մասին, սեպտեմբերի 19-ին մեր տարածաշրջանում Ադրբեջանը հերթական մեծամասշտաբ հարձակումը նախաձեռնեց ԼՂ-ի դեմ՝ կոպտորեն խախտելով 2020 թ-ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը։
Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը, Ստփանակերտը, մյուս բնակավայրերը ինտենսիվ և առանց տարբերազատման ռմբակոծվում էին հրթիռներով, ծանր հրետանիով, մարտական անօդաչուներով ևավիացիայով, այդ թվում՝ արգելված կասետային զինատեսակներով։ Հարձակման ինտենսիվությունից ու դաժանությունից պարզ է դառնում, որ մտադրությունը ԼՂ բնակչության էթնիկ զտումը վերջնակացնելն է»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Ըատ նրա՝ քաղաքացիական և կրիտիկական ենթակառուցվածքների թիրախավորման պատճառով բնակչությունը կտրված է իրարից և չի կարողանում իրական ժամանակում ներկայացնել տեղում իրավիճակը։
«Ադրբեջանական զորքերը վերահսկում են ԼՂ հիմնական ճանապարհները, որի պատճառով հնարավոր չէ այցելել և տեղեկություններ ստանալ տեղում իրավիճակի մասին։ Այս պահի դրությամբ հաստատված զոհերի թիվը ավելի քան 200 է, վիրավորների թիվը՝ 400, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության, կանանց ևւ երեխաների շրջանում։ Այսօր Ադրբեջանի արտգործնախարարությունը նույնպես այդ փաստը ընդունեց։
Ավելի քան 10 հազար մարդ հարկադրաբար տեղահանվել է։ Նրանք այժմ բացօթյա պայմաններում են, առանց սննդի և գոյատևման պայմանների։ Հազարավոր ընտանիքներ իրարից բաժանված են։ Մոտ 20 հազար մարդ տեղահանվել էր 2020 թվականի պատերազմի հետևանքով։ Մարդիկ շարունակում են սովամահ լինել 10-ամսյա շարունակվող շրջափակման պատճառով։ Առողջապահության համակարգը պարալիզացված է, հիվանդանոցները չունեն էլեկտրաէներգիա, և դեղորայքի ծանրագույն պակաս կա։ Մարդիկ զրկված են անգամ առաջին բուժօգնություն ստանալու հնարավորությունից, շտապօգնության մեքենաները վառելիք չունեն, չեն կարողանում վիրավորներին հիվանդանոցներ հասցնել։
Լեռնային Ղարաբաղից ստացվող կադրերն իսկապես ցնցող են․ կանայք, երեխաները, տարեցները մնացել են առանց կացարանի և սննդի, մայրերը հուսահատ փորձում են գտնել իրենց կորած երեխաներին, կանայք լաց են լինում` վախենալով, որ ադրբեջանցիները կարող են բանտարկել նրանց ամուսիններին։ Այս ամենը, դժվար է հավատալ, որ տեղի է ունենում ոչ թե 100 տարի առաջ, այլ այսօր՝ միջազգային հանրության աչքի առաջ 21-րդ դարում։ Դրսում և ապաստարաններում հայտնված երեխաները շարունակում են լաց լինել ու ծնողներին խնդրել, որ իրենց տուն տանեն՝ հրաժարվելով ընդունել, որ իրենք այլևս տուն չունեն»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Նա նաև ասաց, որ ռմբակոծության ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից մեկում անհայտ կորել էր 8-ամյա մի տղա։ Նրա 10-ամյա եղբայրը սպանվել է, և անգամ հնարավոր չի եղել նրա մարմինը դուրս բերել գյուղից, մյուս եղբայրը վիրավոր է։
«Սրանք բազմաթիվ դեպքերից միայն երկու օրինակն են։ Ադրբեջանի աչքերում այս երեխաները ահաբեկիչներ են, և Ադրբեջանի գործողություններն ուղղված են եղել այս երեխաների, նրանց ծնողների, պապիկ-տատիկների դեմ։ Ադրբեջանական սոցցանցերը հեղեղված են կոչերով՝ գտնել անհետ կորած երեխաներին ու կանանց, բռնաբարել նրանց, կտրել վերջույթներն ու կերակրել շներին։ Ադրբեջանցի սոցցանցերի օգտատերերը տարածում են Լեռնային Ղարաբաղի հայ կանանց պրոֆիլները սոցցանցերում և խաղադրույքներ կատարում, թե ում են բաժին հասնելու այդ կանայք, որպեսզի բռնաբարեն, երբ նրանք հայտնվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո»,- նշեց Արարատ Միրզոյանը։