Դեսպանը Մոլդովայի հայկական համայնքի համաժողովին է ներկայացրել Հայաստան-Մոլդովա հարաբերությունների վերջին զարգացումները
Մոլդովայի հայկական համայնքի նոյեմբերի 19-ին տեղի ունեցած համաժողովի արդյունքում համայնքի նախագահ է ընտրվել Կարեն Հովհաննիսյանը:
Ուկրաինայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ նաև ընտրվել է համայնքի տասնմեկ հոգուց բաղկացած խորհուրդ հետևյալ կազմով. Հայկ Վարդանյան, Հովհաննես Վարդանյան, Թաթուլ Դավոյան, Մարիանա Բարաշյանց, Ռոմեո Զաքարյան, Ռոբերտ Հարությունյան, Կարեն Գասպարյան, Վիտալի Պետրոսյան, Արամ Գասպարյան, Արմեն Սահակյան, Վանիկ Ակունց:
«Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Մոլդովայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը: Շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով համայնքի նորընտիր ղեկավարին, դեսպանը Համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հայաստան-Մոլդովա հարաբերությունների վերջին զարգացումները, տեղեկացնելով, որ քննարկվում են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման ժամկետները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նա նշել է, որ դեսպանությունը գործնական և արդյունավետ կապեր է հաստատել Մոլդովայի իշխանության տարբեր ճյուղերի հետ, վստահություն հայտնելով, որ երկու երկրների հավատարմությունը ժողովրդավարությանն, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքներին կնպաստեն տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը: