Հայ Eng
Service
...
GOV.AM
16:23 16/04
GOV.AM

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները Հայաստանում» թեմայով Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) XIII-րդ անվտանգային ֆորումին:
Միջոցառմանը մասնակցել են ոլորտի մասնագետներ, դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Արայիկ Հարությունյանն իր ելույթում ողջունել է միջոցառման մասնակիցներին և ներկայացրել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նախ նշել է, որ այս ոլորտում մեկնարկել է բարեփոխումների շարք, որը ցանկալի է, որպեսզի ավելի ներառական լինի և ավելի շատ ընդգրկվածություն ապահովվի: Արայիկ Հարությունյանը նշել է, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ և ընդգծել. «Նախ ի՞նչ է հաղորդակցությունը: Սա մի գործիք է, որով ամենալավ մտադրությունները կարելի է կյանքի կոչել և նույն ամենալավ մտադրությունները սխալ աշխատանքի դեպքում՝ չեզոքացնել, բացասական լույսի ներքո ներկայացնել: Եվ այդ պրոցեսն իրականացնելու համար պետք է սեղանին լինեն բազմաթիվ գործիքներ, որոնք թույլ կտան դա արդյունավետ իրականացնել: Կառավարության կարևորագույն խնդիրներից է քաղաքացիներին հստակ, ամբողջական, ճշգրիտ և ժամանակին տեղեկատվության տրամադրումը: Եվ դրանով է պայմանավորված, որ մենք ձեռնամուխ ենք եղել այս բարեփոխմանը: Միաժամանակ, պատշաճ հաղորդակցությունը նվազեցնում է ապատեղեկատվությունը, սա փաստ է, և մեծացնում ու ամրապնդում կառավարության հանդեպ հանրային վստահությունը»:
Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով այն հարցին՝ արդյոք կառավարությունը գո՞հ է այն գործիքներից, որոնք կան և արդյոք ռազմավարական հաղորդակցությունը պատշաճ իրականացվո՞ւմ է, պատասխանել է. «Ասեմ, որ ոչ, որովհետև եթե գոհ լինեինք, այս բարեփոխումներին միտված չէինք լինի: Վերջին տարիներին Հայաստանն առերեսվել է երեք մեծ ճգնաժամերի՝ համավարակ, պատերազմ և հետպատերազմական անկայուն իրավիճակ: Եվ այս ընթացքում մենք իր ամբողջության մեջ տեսել ենք ռազմավարական հաղորդակցության բոլոր բացերը, բայց նաև այն առավելությունները, որոնք ունեցել ենք մինչև հիմա»:
Հաջորդիվ՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնացրել է այն հիմնական խնդիրները, որոնք առկա են պետական համակարգում ռազմավարական հաղորդակցության ոլորտում: «Կուզեի ասել, որ դրանք են, մասնավորապես, ՀՀ պետական գերատեսչությունների հաղորդակցության համար պատասխանատու ստորաբաժանումների կառուցվածքն ու հաղորդակցության թիմերի գործառույթների բազմազանությունն ու տարբերությունը»,- ասել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ այստեղ փորձ է արվել մի շարք փոփոխություններ իրականացնել, բայց դրանք լրջագույն հաջողությամբ չեն պսակվել:
«ՀՀ պետական գերատեսչությունները չունեն հաղորդակցության հաստատված հաղորդակարգեր, կանոնակարգեր և ուղեցույցներ: Սա նույնպես ամենամեծ պրոբլեմներից է, որովհետև այս հաղորդակարգերի բացակայությունը ստիպում է, որպեսզի համակարգերը հիմնականում լինեն անձակենտրոն և ըստ իրավիճակների որոշումներ կայացվեն, որոնք երբեմն ստեղծում են առավելություններ, որովհետև հաղորդակարգերը կարող են նկարագրել իրավիճակները, բայց քանի որ իրավիճակների ընդհանրական ելքեր և պարամետրեր կան, հաղորդակարգերի առկայությունը թույլ կտա շատ արագ արձագանքել նման իրավիճակներին»,- շարունակելով հաղորդակցության ոլորտում խնդիրների արձանագրումը՝ ասել է Արայիկ Հարությունյանը և նշել. «Հաղորդակցության ոլորտում ինստիտուցիոնալ խնդիրները ծագում են նաև տարբեր մարմինների միջև տեղեկատվական թույլ համակարգման, իրավասությունների ու գործառույթների հստակության բացակայության, որոշ դեպքերում պարտականությունների և գործառույթների կրկնությունների և աշխատանքի օպտիմալ բաժանման բացակայության պատճառով: Այստեղ խնդիրները վերլուծելիս նաև նայել ենք, թե ինստիտուցիոնալ առումով ինչ մարմիններ են այս ամեն ինչով զբաղվում, որտեղ ունենք կրկնություններ և փորձել ենք նաև այս խնդիրները վեր հանել: Խնդիրներից է նաև ռազմավարական հաղորդակցության պլանավորումը: Գերատեսչությունների կողմից չի իրականացվում կամ թերի է իրականացվում հաղորդակցության ռազմավարական կամ առնվազն գործողությունների երկարաժամկետ պլանավորում: Նոր մարմինը, որի մասին շուտով կխոսեմ, իր առջև նաև ունենալու է խնդիր՝ գերատեսչությունների հետ միասին մշակել հաղորդակցության ռազմավարություն, որպեսզի բարեփոխումների դեռ սաղմնային փուլից սկսած՝ մենք կարողանանք ժամանակին ներկայացնել խնդիրները, ներառականությունն ապահովել, որպեսզի հետագայում դիմադրությունը, նաև չիմացությունից դիմադրությունը քիչ լինի: Հաղորդակցության ոլորտում առկա է նաև մարդկային և տեխնիկական ռեսուրսների անբավարարություն և անարդյունավետ բաշխում, որի մասին մասամբ խոսեցի»:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ հաղորդակցության ռազմավարության ճարտարապետության ձևավորման հարցում ուսումնասիրվել է միջազգային փորձը. «Մենք այս ընթացքում անդրադարձել ենք նաև միջազգային փորձին, միջազգային փորձի ուսումնասիրություն ենք իրականացրել, մասնավորապես՝ նայել ենք Լիտվայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի փորձը: Ուսումնասիրված բոլոր երկրներում առկա է հաղորդակցության համակարգի կենտրոնացում կամ կենտրոնացման միտում, ինչը պայմանավորված է մի շարք հարցերով, մասնավորապես՝ մեդիա դաշտի խիստ բազմազանեցմամբ և սոցիալական մեդիայի զարգացման հետ կապված մարտահրավերներով, բազմակուսակցական համակարգերի առկայությամբ, ինչը կարող է հանգեցնել, օրինակ, կոալիցիոն կառավարությունների ձևավորմանը՝ առանձին քաղաքական գործիչների անձնական օրակարգերով, ինչը կարող է խոչընդոտել կառավարության հաղորդակցման միասնական քաղաքականությունը, հաղորդակցության՝ որպես ազգային անվտանգության նշանակության խնդրի ձևակերպմամբ:
Հիմա ի՞նչ սկզբունքներ ենք դրել հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում և ի՞նչ առաջնահերթություններ ենք ընտրել: Դրանք են՝ արդյունավետ կառավարումը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, մասնակցությունը, նախաձեռնողականությունը և նորարարությունը: Սկզբունքների մեջ նաև առանձնացրել ենք տվյալահենք քաղաքականության իրականացումը: Ի՞նչ նոր ճարտարապետություն ենք առաջարկում: Առաջարկվում է հաղորդակցության ճարտարապետության հիբրիդային մոդել, որը ենթադրում է գործառույթների մի խմբի կենտրոնացում և մեկ խմբի պատվիրակում ու ցանցային համակարգում: Այս մոդելի մշակման գործընթացում հաշվի են առնվել ՀՀ կառավարության հանրային հաղորդակցության գործող համակարգի համապարփակ վերլուծությունը, ոլորտի քաղաքականության հիմնական սկզբունքները և առաջնահերթությունները: Համաձայն այս մոդելի, առաջարկվում է Վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ստեղծել հանրային հաղորդակցության գրասենյակ, որի նպատակն է աջակցել և սպասարկել կառավարությանն ու պետական գերատեսչություններին համակարգված հաղորդակցության գործառույթի իրականացման հարցում: Գրասենյակի գործառույթն է իրականացնել հանրային հաղորդակցության համակարգում՝ ռազմավարական մակարդակում, մինչդեռ՝ մարտավարական մակարդակում ամենօրյա աշխատանքը շարունակելու են իրականացնել գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումները»:
Ամփոփելով՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս հարցում դոնոր կազմակերպությունների լայն ներգրավվածությամբ աշխատանք է տարվում: «Նրանք մեզ օգնում են թե՛ հայեցակարգի մշակման, թե՛ նոր ճարտարապետության, թե՛ ինստիտուտների ձևավորման, թե՛ ընթացակարգերի և հաղորդակարգերի մշակման հարցում: Հաղորդակարգերը մի քանի խմբերի ենք բաժանելու, որոնցից մի մասին արդեն անդրադարձա, ստանդարտ իրավիճակների հաղորդակարգեր են լինելու, արտակարգ իրավիճակների հաղորդակարգեր են լինելու և արտաքին հաղորդակարգեր են լինելու»,-ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Հաջորդիվ՝ հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել է ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման թեման:
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և նշել, որ կատարված դիտարկումները հիմք կհանդիսանան ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության մշակումն ավելի արդյունավետ դարձնելու համար:
-
© 2004 - 2024, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 1

Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...